С кораблЯ на бал
Նախագահի աշխատակազմին մերձ աղբյուրների տեղեկացմամբ, ԲՀԿ-ին և մասնավորապես նրա առաջնորդին «տեղը ցույց տալու» նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը միանգամից չի հասունացել։ Սկզբում նախագահը մեծ զարմանքով և անվստահությամբ է ընդունել այն տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանն իրականում մտադիր է քարոզչական արշավ սկսել վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ։ Սերժ Սարգսյանին ավելի են զարմացրել նաև տեղեկությունները, թե ԲՀԿ-ի առաջնորդն այնպիսի անձնական ծրագրեր ունի, որ նույնիսկ հավակնում է շատ բարձր պետական պաշտոններ զբաղեցնելու։ Նախագահական աշխատակազմին մոտ կանգնած մեր աղբյուրի վկայությամբ, Սերժ Սարգսյանը երկար ժամանակ չի հավատացել այդ լուրերին` մտածելով, որ Գագիկ Ծառուկյանը, իրատես մարդ լինելով, անկասկած, գիտե սեփական կարողությունների ու հավակնությունների չափը։ Մանավանդ որ ամենավատ երազում էլ հնարավոր չէ պատկերացնել, որ բարձրագույն պետական պաշտոնական նշաձողի հաղթահարմանը կարող է հավակնել գործնականում քաղաքական անցյալ չունեցող և, առհասարակ, որևէ չափորոշիչով դրան չհամապատասխանող, թեկուզև հաջողված գործարարը։
Սակայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում նախագահին են ներկայացվել, այսպես ասած, մերկ փաստեր։ Այդ թվում` արտասահմանում, հատկապես Մոսկվայում ԲՀԿ-ի առաջնորդի հանդիպումների, շփումների, տարբեր անձանց հետ վարած բանակցությունների մասին, որից հետո էլ նախագահականում որոշում է ընդունվել Ծառուկյանին հանրամատչելիորեն «բացատրել» իր ձգտումների ու հավակնությունների բացարձակ անհեթեթ լինելը։ Ինչն էլ սկզբունքորեն արեց Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ի համագումարում ունեցած իր հայտնի ելույթում։ Ասում են` այդ ելույթից հետո Գագիկ Ծառուկյանը նեղ շրջանակում ասել է, որ իր ձգտումները երբեք էլ բիզնեսի ոլորտից սկզբունքորեն դուրս չեն եղել, և որ քաղաքականությամբ զբաղվելը ոչ միայն ծանր, այլև անհետաքրքիր գործ է։
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ